Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐԱԿՎԵԼ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՇՆՉՈՒՄ ԵՆ»

«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՐԱԿՎԵԼ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՇՆՉՈՒՄ ԵՆ»
27.03.2012 | 00:00

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն էր։ 1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց՝ 1993 թվականից, այդ օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր։ Ամեն տարի 1,6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլյոզից, հիմնականում` զարգացող երկրների բնակիչներ:
Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է տուբերկուլյոզով հիվանդ մոտ 3500 մարդ։ Տարեկան հայտնաբերվում է 940-950 հիվանդ։ Ըստ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թոքախտաբուժության ամբիոնի դոցենտ ԼՅՈՒԲՈՎ ՆԻԿՈԼԱՅԱՆԻ, այս հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում, այն գլոբալ խնդիր է։ Հայաստանում տուբերկուլյոզի ցուցանիշները շատ երկրների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության, տվյալների համեմատ, ավելի հուսադրող են՝ 100 հազար բնակչի հաշվով 42-45 հիվանդ։ Այնուամենայնիվ, այս խնդրի լուծումը հետևողականություն է պահանջում, քանի որ շատ դեպքեր հայտնաբերվում են հիվանդության ոչ վաղ փուլերում, ինչն իր հերթին դժվարացնում է բուժումը։
Լյուբով Նիկոլայանը նշեց, որ թեև տուբերկուլյոզն ընդունված է համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, սակայն այն սահմաններ չի ճանաչում և կարող է վարակել բոլորին. «Այսպիսի մեծ հաղորդակցության պայմաններում, երբ մարդը նախաճաշը մի երկրում է անում, ճաշը՝ մեկ այլ, ընթրիքը՝ բոլորովին այլ երկրում, մի թռիչքի ընթացքում նա կարող է մոտ 4 հոգու վարակել։ Այս պայմաններում սոցիալական խավերը բոլորովին կապ չունեն։ Հիվանդանում են և՛ հարուստները, և՛ աղքատները, և՛ երեխաները, և՛ մեծերը, բոլոր նրանք, ովքեր շնչում են։ Իսկ քանի որ շնչում է յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, ուրեմն բոլորն էլ խոցելի են»։
Ինչպես նշում է մասնագետը, Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց տուբերկուլյոզի բուժման նոր ծրագրին։ Խնդրին լուծում տալու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է տուբերկուլյոզի բուժման DOTS ռազմավարություն, որն արդյունավետ կերպով կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում նաև` զարգացած երկրներում: Հայաստանը նույնպես միացել է այդ ծրագրին, և ունենք արձանագրված հաջողություններ։ 1995 թվականից սկսած՝ աշխարհի ավելի քան 150 երկրում այս ռազմավարությամբ բուժվել է շուրջ 31,8 միլիոն մարդ:
Դիտարկելով վերջին տասը տարիների դինամիկան՝ ըստ Լ. Նիկոլայանի, այս հիվանդությունը Հայաստանում նախ կայունություն է արձանագրել, իսկ վերջին տարիներին՝ անկում։ Նվազում արձանագրվում է հատկապես մահացության ցուցանիշի առումով. մահացության ցուցանիշը վերջին երկու տարում 100 հազար բնակչի հաշվով 5-ից իջել է 2,8-3-ի։
Նշենք, որ տուբերկուլյոզի վարակն առաջին հերթին տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Չբուժվող հարբուխը կամ գրիպը կարող են վերածվել տուբերկուլյոզի։ Ժամանակին և ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլյոզով հիվանդը լիարժեք ապաքինվում է: Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարում վարակում է 10-15 մարդու (առաջին հերթին ընտանիքի անդամներին), որոնց 10 %-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլյոզով: Չբուժված հիվանդների 50 %-ը մահանում է առաջին 5 տարում, 25 %-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում առողջացում, մնացած 25 %-ի մոտ զարգանում է քրոնիկ տուբերկուլյոզ:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ